Գազայի մարդասիրական հիմնադրամի ամերիկացի աշխատակիցներ են վիրավորվել

Palestinians inspect the damage after an Israeli strike in the Al-Bureij camp in the central Gaza Strip on July 4, 2025.

Գազայի հատվածում վիրավորվել են Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ։ Կազմակերպությունը պնդում է, որ նրանք վնասվածքներ են ստացել Խան Յունիս քաղաքում սննդի բաշխման ժամանակ՝ «թիրախային հարձակման» հետեւանքով։ Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացիների ուղղությամբ նռնակներ են նետվել։ Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։

ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող հիմնադրամի երկամսյա գործունեությունը Գազայի հատվածում ուղեկցվել է քաոսային տեսարաններով և սպանություններով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ միայն անցած երկու շաբաթվա ընթացքում 500 մարդ է սպանվել «ՄԱԿ-ին չպատկանող սննդի բաշխման ռազմականացված կետերում»։

Ըստ France-Presse-ի՝ գրեթե ամեն անգամ, երբ այդ հիմնադրամի բեռնատարներն օգնություն են բաժանել պաղեստինցիներին, իսրայելական ուժերը կրակ են բացել սնունդ ստանալու եկած մարդկանց վրա։

ՄԱԿ-ը և միջազգային այլ առաջատար մարդասիրական կառույցներ հրաժարվել են համագործակցել հիմնադրամի հետ՝ պնդելով, որ այդ կազմակերպությունը սպասարկում է Իսրայելի ռազմական նպատակները: