Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերն առաջին բնակավայրն են գրավել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում


Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա, արխիվ
Դնեպրոպետրովսկ, Ուկրաինա, արխիվ

Ռուսական ուժերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բնակավայր են գրավել, այն կենտրոնական մարզի առաջին գյուղն է, որը, ըստ պնդումների, անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը։

Աղբյուրի համաձայն՝ խոսքը Դնեպրոպետրովսկի մարզի Դաչնե գյուղի մասին է, որտեղ Մոսկվան ավելի քան երեք տարվա ներխուժման ընթացքում առաջին անգամ փորձում է ամրապնդվել։

Կիևը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Դնեպրոպետրովսկը և մասնավորապես, մարզկենտրոն Դնեպրը, 2022 թվականի փետրվարին Մոսկվայի ռազմական ներխուժումից ի վեր անընդհատ ռուսական հարվածների տակ է։ Քաղաքը Ուկրաինայի կարևոր հանքարդյունաբերական և արդյունաբերական կենտրոններից է, և ռուսական ուժերի առաջխաղացումն այս ուղղությամբ կարող է լուրջ ազդեցություն ունենալ Կիևի ռազմական և տնտեսական վիճակի վրա։

Երկուշաբթի օրը ավելի վաղ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ իր զորքերը նախորդ օրը «հետ են մղել» ռուսական հարձակումները գյուղի «մոտակայքում»։

Դնեպրոպետրովսկը մաս չի կազմում Ուկրաինայի հինգ շրջաններին՝ Դոնեցկին, Խերսոնին, Լուգանսկին, Զապորոժիեին և Ղրիմին, որոնք Մոսկվան հրապարակավ հայտարարել է որպես ռուսական տարածք։
Այս տարածքը ռուսական ուժերն օգտագործել են «Օրեշնիկ» հրթիռի փորձարկման ժամանակ:

XS
SM
MD
LG