Մատչելիության հղումներ

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է

Լրացված

Ամիսների քննությունից հետո Քննչականը մեղադրանք է առաջադրել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին՝ պնդելով՝ նա է օժանդակել Վանաձորում բնակվող իր բարեկամուհու տան վրա հարձակմանը: Մինչդեռ արդեն քանի օր ճաղերից այն կողմ գտնվող 29-ամյա տղամարդը շարունակում է պնդել՝ կապ չունի այդ հանցագործության հետ:

«Տուժողը նույնիսկ հերքում է, որ՝ ինքը չի կարա լինի, իրա հետ էլ կապված դեռ որևիցե բան չկա, որ տուժողը պնդի կամ իրա դեմ ցուցմունք տա: Չի ընդունում մեղադրանքը, խափանման միջոցը կալանավորումն է այս պահին ընտրված», - ասաց փաստաբան Տիգրան Մկոյանը:

Փաստաբան Տիգրան Մկոյանն է ստանձնել արցախցի երիտասարդի պաշտպանությունը: Ասում է՝ Քննչականը որոշել է ամենախիստ խափանման միջոցն առաջարկել դատարանին, քանի որ կասկածներ ունի, որ ազատության մեջ արցախցի երիտասարդը կթաքնվի նախաքննությունից. - «Հիմքերը երեքն էր գրել, որ կդիմի փախուստի, նոր արարք կկատարի, կխոչընդոտի, դատարանը երկու հիմքն է արձանագրել, որ կթաքնվի ու կխոչընդոտի գործի քննությանը»:

Հանրային պաշտպանը կալանավորման որոշումը կբողոքարկի:

Արցախցի երիտասարդին վերագրվող այս դեպքը հանրության ուշադրությունը գրավեց ամիսներներ առաջ՝ մարտին, երբ Արցախի հայաթափումից հետո Վանաձորում հաստատված երիտասարդն ահազանգեց ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իրեն խոշտանգելու մասին:

Արդարության պահանջով Քննչական կոմիտեի շենքի առջև բողոքի ակցիաներից հետո Քննչականը խոշտանգելու հոդվածով քրեական գործ էր հարուցել, Տիգրանին առերեսել մարզայինի պետ Խորեն Բարխոյանի և նրա ստորադասի հետ: Հենց Բարխոյանին էր Տիգրանը մատնացույց արել որպես իրեն ստորացնելու, խոշտանգելու կազմակերպչի:

Բարխոյանը Տիգրանի հետ առերեսման ժամանակ հերքել էր ոչ միայն նրան ծեծելու մեղադրանքները, այլև հենց Տիգրանի առնչությունը ավազակային հարձակմանը. - «Ես իրա հետ օպերատիվ հարցում եմ անցկացրել, որպեսզի հասկանամ՝ ինչքանո՞վ ա իրա մասնակցությունը, եթե վստահ լինեի, որ ինքը մասնակցություն ունի դրան, [...] կտայի քննչական մարմնին, կձերբակալեի կտայի Քննչականին»:

Ի՞նչ փոխվեց անցած այս ամիսներին

Ի՞նչ փոխվեց անցած այս ամիսներին, Քննչականը չի մեկնաբանում: Հաղորդագրության մեջ միայն շվում է, որ մարտին երկու անձ ապօրինի մուտք է գործել Վանաձորի բնակարաններից մեկը, ատրճանակները պահել են կնոջ և նրա երեխայի ուղղությամբ, ապա զենքի սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար: Երիտասարդ կինն էլ նրանց է փոխանցել ոսկյա զարդերը:

Ըստ Քննչականի՝ իրենց քննիչների ու ոստիկանների համատեղ աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ հենց Տիգրան Ուլուբաբյանն է օժանդակել ավազակային հարձակմանը:

Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեն ոստիկանների կողմից արցախցուն խոշտանգելու գործում որևէ արդյունք չի արձանագրել: Թեև կասկածյալներին ամիսներ առաջ է մատնանշել Տիգրանը, բայց որևէ մեղադրյալ չկա, բարձրաստիճան ոստիկանն ու նրա 6 ստորադասները շարունակում են աշխատանքի գնալ:

Քննչականն իր հաղորդագրության մեջ նաև հիշեցնում է, թե ինչպես էր Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը քննչականի շենքի առջև բողոքի ակցիաներ կազմակերպում՝ նեկայացնելով, թե երիտասարդը ավազակային հարձակում չի արել:

Երիցյանն այսօր հերքելով Քննչականին՝ հիշեցրեց, որ ակցիաները նրան խոշտանգելու դեմ էին, ինքն էլ խոշտանգման գործով նրա փաստաբանն է միայն: Երիցյանը Ֆեյսբուքի իր գրառմամբ նաև հորդորեց հրապարակումների փոխարեն բացահայտել երիտասարդին խոշտանգողներին:

Խոշտանգման գործերը դոփում են տեղում

Սա առաջին խոշտանգման գործը չէ, որ դոփում է տեղում: Փաստաբաններն ու իրավապաշտպանները բազմիցս են քննադատում իրավապահներին խտրական վերաբերմունքի համար, երբ կասկածյալների շրջանակում ոստիկաններն են:

Օրինակ՝ ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանը մեկ տարի առաջ էր հայտարարել բռնության մասին: Ձերբակալությունից հետո Քննչականի ճանապարհին, երբ ոստիկանների հսկողության տակ էր, ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ըստ ակտիվիստի՝ ոստիկաններն այդ ժամանակ իրեն մենակ էին թողել մեքենայում: Այս գործը դոփում է տեղում: Նույնը՝ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում:

Նրան էլ անցած գարնանը խմբով կարմիրբերատավորներն էին օրը ցերեկով ծեծել:

Ըստ Քննչականի վիճակագրության՝ եթե 2022 թվականին ստացել են խոշտանգման դեպքի մասին 210 ահազանգ, ապա 2023-ին՝ 261, 2024-ին՝ 330, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին՝ արդեն 57 ահազանգ: Սակայն մի քանի հարյուր ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր: Օրինակ՝ 2024 թվականին ստացած 330 ահազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը:





XS
SM
MD
LG