Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրության ընդունումից 30 տարի անց մայր օրենքի հարցը առանցքային է հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: Բաքուն հրաժարվում է ստորագրել համաձայնեցված տեքստը՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը ու պնդելով, թե Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագիրը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Անկախության հռչակագրում Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին է հիշատակվում:
Այսօր տոնի առիթվ կազմակերպված տոնական միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն Հայաստանում առկա է:
«Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը», - կառավարության լրատվականի փոխանցմամբ ասել է վարչապետը:
Այդ նույն միջոցառման ընթացքում նախագահ Վահանգ Խաչատուրյանն էլ ասել, թե «Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ»:
Հայաստանի իշխանություններն այժմ նոր Սահմանադրություն են մշակում, բայց պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ որ նախկինում ընդունված Սահմանադրությունները «լեգիտիմ չեն»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ իր կարծիքով՝ Անկախության հռչակագիրը չպետք է ներառվի նոր Սահմանադրությունում: